Արժե՞ արդյոք գաղտնի պահել որդեգրման փաստը
Որդեգրման փաստը բազմաթիվ ընտանիքների համար այնքան նուրբ հարց է, որ նրանք պատրաստ են անգամ կեղծել հղիությունը կամ տեղափոխվել այլ բնակավայր՝ խզելով բոլոր հարազատական կապերը և ամեն բան անելով, որ երեխան չիմանա իր որդեգրված լինելու հանգամանքը:
Ինչո՞ւ ծնողները չեն ցանկանում բացահայտել որդեգրման գաղտնիքը: Արդյո՞ք պետք է պահել գաղտնիքը:
Հաճախ ընտանիքները վախենում են, որ երեխան, չափահաս դառնալով, կցանկանա փնտրել և գտնել իր կենսաբանական ծնողներին, անգամ գնալ ու ապրել նրանց հետ: Վախերը շատ են, և յուրաքանչյուր ընտանիք որդեգրման հանգամանքը գաղտի պահելու իր պատճառներն ունի:
Ի՞նչ է կատարվում նրանց հետ, ովքեր հետաձգում են որդեգրման մասին խոսակցությունը կամ էլ այդ հարցը տաբու են դարձնում: Հոգեբանները վկայում են, որ այդ ծնողները մշտապես տագնապի զգացում են ունենում՝ վախենալով, որ հարազատներից որևէ մեկը կամ հենց իրենք պատահմամբ կբացահայտեն գաղտնիքը կամ գիտակցաբար, առանց վատ մտադրության երեխային կպատմեն ճշմարտությունը: Մշտական վախի մթնոլորտը կարող է հանգեցնել սթրեսների և ամուսիների միջև անհամաձայնության:
Այլ դեպքերում երեխան պատահմամբ իմանում է իր ծագման մասին և կախված տարիքից՝ տարբեր կերպ ապրում իրավիճակը: Երեխան սկսում է կարծել, որ եթե իսկական մայրն իրեն լքել է, ուրեմն ինքը վատն է, մեծ երեխաներն իրենց խաբված են զգում և անպետք: Բոլոր դեպքերում երեխան ծանր հոգեկան ապրումների առաջ է կանգնում, հաճախ կորցնում վստահությունը ծնողների հանդեպ:
Որդեգրման փաստը գաղտնի պահել կամ չպահելը խիստ անհատական է: Այդուհանդերձ արյունակցական կապը ծնողների և երեխաների փոխհարաբերությունների գլխավոր չափանիշը չէ: Առավել կարևոր է հոգեպես մտերմությունը և վստահությունը, ինչին հնարավոր է հասնել միմյանց հետ անկեղծ լինելու շնորհիվ:
Վնաս չեք հասցնի երեխայի ինքնագնահատականին և ինքնասիրությանը, եթե ճիշտ ժամանակին և անկաշկանդ, գլխավորը՝ աստիճանաբար, ըստ տարիքի և արձագանքին ուշադրություն դարձնելով պատմեք, թե ինչպես է հայտնվել ընտանիքում: Երեխայի վերաբերմունքն այդ հանգամանքին մեծապես կախված է ձեր իսկ վերաբերմունքից: